Նկարագրություն
FA 43,9–50,1 մմ, D5 54–62 մմ, D3 63–74 մմ։ Մազերի հիմքերը սպիտակավուն են (մորթու խառնված մասերը շատ բաց են երևում), ծայրերը դարչնագույն կամ մոխրավուն են, հաճախ դեղնավուն երանգով։ Էխոլոկացիոն ազդանշանի հաստատուն հաճախականությունը 93–96 կՀց է (Dietz, von Helversen, 2004, էջ 18)։ Գանգի ընդհանուր երկարությունը 18–19 մմ, կոնդիլոբազալը՝ 15,8–16,7 մմ, այտային լայնությունը՝ 8,8–9,6 մմ, վերին ատամնաշարը՝ 6,4–6,9 մմ (Кузякин, 1950, էջ 199)։
Ապրելավայր
Հանրապետության լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում բացառապես քարանձավներում ապրող տեսակ է։ Կենսաբանությունը լավ ուսումնասիրված չէ (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։ Կեր հայթայթելու համար քարանձավներից դուրս են գալիս մթնշաղին և վերադառնում լուսաբացին (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։
Բազմացում
Էգը տարեկան ծնում է մեկ ձագ (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։ Ըստ Myhrvold et al. (2015) տվյալների՝ տարեկան ծնունդների թիվը՝ 1, հղիությունը՝ մոտ 70 օր, կաթով կերակրումը՝ մոտ 28 օր, կյանքի առավելագույն հայտնի տևողությունը՝ 7 տարի։
Ընդհանուր արեալ
Արեալը (ըստ MDD v2.5) ընդգրկում է Հարավարևելյան Եվրոպան, Հյուսիսային, Արևելյան և Հարավային Աֆրիկան, Առաջավոր Ասիան՝ մինչև Աֆղանստան և Պակիստան։
Տարածում Հայաստանում
Հայաստանը տեսակի արեալի հյուսիսային սահմանն է։ Հայտնաբերված է Իրանին սահմանակից Սյունիքի մարզի հարավում գտնվող քարանձավներում (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։
Պահպանության կարգավիճակ
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում (2010)՝ EN B1a+2a («Վտանգված»)։ IUCN՝ LC (ըստ MDD v2.5)։